Բաժինը՝ Ծրագրեր

Աշխատանք երիտասարդների համար


Սեպտեմբերի 18-ին (2012 թ.) Երևանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (ԱՀԱԸ) Հայաստանի  ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը ստորագրեցին համաֆինանսավորման վերաբերյալ համաձայնագիր՝ ազդարարելու «Երիտասարդների առաջխաղացման արահետ» (ԵԱԱ) ծրագրի չորրորդ փուլի մեկնարկը:

Ծրագրի հիմնական նպատակն է օժանդակել բարձրագույն ուսումնական հաստատությունների  շրջանավարտներին աշխատանք գտնելու անցումային շրջանում` տրամադրելով  անմիջական զբաղվածության հնարավորություն աշխատանքային պրակտիկայի միջոցով: Վճարվող պրակտիկայի տևողությունը վեց ամիս է, և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, գործատու կազմակերպությունների հետ համագործակցությամբ, պատասխանատու կլինի մրցակցային հիմունքներով 60 պրակտիկանտների ընտրության և տեղավորման համար:

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը ՄԱԶԾ-ի հետ համատեղ իրականացնում է այս ծրագիրը, քանի որ վստահ է, որ Հայաստանում երիտասարդների զբաղվածությունը գլխավոր քայլերից մեկն է՝ տնտեսության, ինչպես նաև հասարակության ներսում սոցիալական հենքի պահպանման և ընդլայնման համար:

«ԱՀԱԸ-ն և ՄԱԶԾ-ն վերջին երկու տարիների ընթացքում գործընկերային հարաբերություններ են հաստատել, քանի որ կիսում են միմյանց մտահոգությունները՝ կապված Հայաստանի տնտեսական պայմանների հետ: Երկու կազմակերպություններն էլ մտահոգ են երիտասարդների գործազրկության խնդրով, որը հանգեցրել է Հայաստանից երիտասարդության զանգվածային արտահոսքի:

Մեր գործընկերության գլխավոր արդյունքը թիրախային արձագանքն է զբաղվածության հետ կապված այն մարտահրավերներին, որոնց բախվում է Հայաստանի երիտասարդությունը: Այս ոլորտում մեր փորձը մեզ դարձնում է լավագույն գործընկեր՝ աջակցելու երիտասարդների կարողությունների երկարաժամկետ զարգացմանը» -  բացման խոսքում ասաց Դաֆինա Գեռչևան:

«Երիտասարդների առաջխաղացման արահետ»  ծրագիրը կօգնի կանխել երիտասարդների արտահոսքը Հայաստանից: ԱՀԱԸ-ն և ՄԱԶԾ-ն ուսումնասիրում են համագործակցության հնարավոր այլ ոլորտներ ևս»,- համաձայնագրի ստորագրումից հետո իր խոսքում նշեց Հարութ Ներսեսսյանը:

Dog