Բաժինը՝ Ծրագրեր

ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ


ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ

Հայ Ավետարանչական ընկերակցության բարեգործության շնորհիվ 1991 թ. սկսած ամեն տարի հազարավոր կարիքավոր երեխաներ ու պատանիներ հանգստացել են Հայաստանի տարբեր շրջաններում կազմակերպվող ամառային հանգստի ճամբարներում:

2003 թվականից երեխաները հանգստանում են Հայ Ավետարանչական ընկերակցության Հանքավանի «Շիին Շողիկ» և Շուշիի «Պետրոսյան» ամառային հանգստի և Հայաստանի ու Ղարաբաղի 50-ից ավելի բնակավայրերում կազմակերպվող բակային ճամբարներում:

Ճամբարներում երեխաներն ակտիվ հանգստի, կանոնավոր սննդի, ուրախ մթնոլորտի մեջ ապրելով` առիթ են ունենում տարբեր կերպերով ծանոթանալ ազգային և մշակութային արժեքներին, Աստվածաշնչի մանկական պատմություններին, ստանում են ֆիզիկական և ընկերային դաստիարակություն, վայելում հայրենի չնաշխարիկ բնությունը:

Ճամբարներում երեխաները խաղում են, նկարում, պարում, սովորում նոր երգեր, նոր պատմություններ, զարգացնում իրենց ընդունակությունները, մարզվում, քրիստոնեական սիրո մթնոլորտում հանդիպում իրենց հասակակիցների հետ, ձեռք բերում նոր ընկերներ… և հուզված մեկնում տուն` նորից ճամբար վերադառնալու, նոր ընկերներին կրկին հանդիպելու ակնակլիքով:

Մեկ - երկու օր ճամբարում անցկացնելուց հետո, երբ երեխաներին հարցնում ենք, ո՞ր զբաղմունքն է ձեզ համար նախնըտրելի, նրանք դժվարանում են պատասխանել, սակայն բոլորն էլ համաձայնվում են, որ ձանձրանալու ժամանակ չունեն և այն ամենը, ինչ մատուցվում է և այն միջոցառումները, որոնցում ընդգրկված են որպես մասնակից` հաճելի են, ուրախալի և օգտակար:

Դաստիարակչական, ստեղծագործական զբաղմունքները (ձեռարվեստի տարբեր խմբակներ, կարծիքների փոխանակում տարբեր հարցերի շուրջ, երեւույթների գնահատում, և այլն) խթան են հանդիսանում երեխաների մտքին, ոգևորում նրանց եւ նոր խնդիրների առջև կանգնեցնում:

Երեխաների համար հետաքրքիր պահերից են երեկոյան ձեռնարկները: Դրանց ժամանակ է, որ նրանք մասնակցում են շարժուն խաղերին, սպորտային մրցումներին, թատերական խմբերի պարապմունքներին, լսում աստվածաշնչյան եւ քրիստոնեական բովանդակությամբ շարունակական պատմություններ: Օրինակ, անգլիացի հանրահայտ հեղինակ Ջոն Բունյանի «Քրիստիանոսի ճամփորդությունը», որը շատ հետաքրիր է և՛ մեծերի և՛ փոքրերի համար, աշխատություն, որն իր տեղն ունի համաշխարային քրիստոնեական մշակույթի գանձարանում:

Ճամբարի առաջնորդները երեխաներին պատմում էին նաեւ հայ գրերի գյուտի մասին, որը խիստ նշանակալից, բացառիկ և անկյունադարձային իրադարձություն եղավ հայոց պատմության մեջ: Սուրբ Մեսրոպ Մաշտոցը գիտակցում էր, որ հայ ազգային նկարագիրը կարող էր կերտվել հայոց այբուբենի ստեղծմամբ, հայ գրավոր խոսքով եւ գրականությամբ: Նա համոզված էր, որ քրիստոնեական հավատքը ամրապնդելու, հոգեւոր զենքով զրահավորվելու համար Հայաստանի դպրոցներն ու եկեղեցիները պետք է գործածեին հայաբարբառ Աստվածաշունչ մատյան, գիր եւ գրականություն:

Ազգային արժեքներ

Լինել լավ քրիստոնյա` նշանակում է լինել լավ քաղաքացի, սիրել հայրենիքը: Ճամբարակնները տարբեր կերպերով առնչվում էին ազգային մշակութային արժեքներին, հայրենասիրական պատմությունների միջոցով ծանոթանում անցյալի հերոսական կերպարներին, պատկերացնում, թե իրենք ինչպես կվարվեին հերոսների փոխարեն նմանատիպ իրադրություններում:

Ճամբարականները տուն են վերադառնում կոփված, առույգ, ուրախ տրամադրությամբ: Ծնողները հաճախ զարմանում են, որ իրենց երեխաները ճամբարից հետո ավելի հնազանդ են, օգնող, ներող, բարի և ճաշից ու քնելուց առաջ շնորհակալություն են հայտնում Աստծուն և իրենց այդ օրվա բարհաջող ավարտի համար և հետո քնում: Երեխաների կյանքում այս փոփոխություններն արդեն զգացվում են ճամաբարում: Հանգստից մի քանի օր հետո, տարբեր քաղաքներից ժամանածների միջև վերանում են հաղորդակցվելու արգելքները: Երեխաները սկսում են կիրառել սիրո և ընկերային հարաբերության այն չափանիշները, որոնք սովորում են աստվածաշնչյան շարունակական պատմությունների հերոսների կյանքից:

Ճամբարի սիրո և հոգատարության քրիստոնեական մթնոլորտը երեխային վերափոխելու մեծ ներուժ ունի: Զարմանալի չէ, որ երեխաների մեծ մասը բաժանվելիս առաջնորդներին ասում են, որ այստեղ բոլորն իրենց սիրում էին եւ իրենք ոչ մի բանի կարոտ չեն զգացել: Այն երեխաները, ովքեր մի քանի տարի է հանգստանում են ճամբարներում նկատում ենք նրանց հոգևոր աճը. կարգապահ են, հարգում են ընկերներին, սիրում են իրար, առաջին իսկ առիթի դեպքում ուզում են օգտակար լինել դիմացինին:

Dog