Մարտի 31 2017 Բաժինը՝ Մեր հաջողակ սաները

Ողջունում ենք Սիրանուշ Ղուկասյանի հաջողությունները շախմատում


Ահա արդեն 22 տարուց ավելի է, ինչ Հայ Ավետարանչական ընկերակցության՝ Հայաստանում և Արցախում իրականացվող բարեգործական  ծրագրերում մեծ տեղ է տրվում երեխաներին նվիրված ձեռնարկումներին, որոնք նրանց հնարավորություն են ընձեռում մասնակցելու գեղարվեստական (երգի և երաժշտության, նկարչության, քանդակի, թատերական) և մարզական տարբեր խմբակների, համակարգչային դասընթացների, Ամանորի և Սուրբ Ծննդյան, ինչպես նաև տարվա ընթացքում կազմակերպվող բազմապիսի այլ միջոցառումների: Մեր երեխաները մասնակցել են տարբեր փառատոների, ցուցահանդեսների, մարզական մրցումների և արձանագրել հաջողություններ:

Անցած տարիների ընթացքում հազարավոր երեխաներ են օգտվել այդ ծրագրերից, նրանցից շատերն այսօր հասուն երիտասարդներ են և վստահ քայլերով առաջ են գնում  հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

Վերջերս մեր  գրասենյակ էր եկել այսօրվա մեր պարմանուհիներից  օրիորդ Սիրանուշ Ղուկասյանը: Նա 16 տարեկան է: Երկուսուկես տարեկանում հորեղբոր օգնությամբ  ծանոթացել է շախմատի խաղաքարերին, սովորել դրանց քայլերը: Երեք տարեկանից սկսել է շախմատ խաղալ, վեց տարեկանում՝ հաճախել Հայաստանի  Շախմատի ակադեմիա:

Հայ Ավետարանչական ընկերակցությունը անցած տարիների ընթացքում իր համեստ ներդրումն է ունեցել ինչպես շատ ու շատ այլ երեխաների, այնպես էլ Սիրանուշի կյանքում և այսօր էլ շարունակում է ըստ կարելվույն  օգտակար լինել նրան: Մենք վստահ ենք, որ տաղանդավոր մարզուհին ինչպես այսօր, այնպես էլ հետագայում շախմատի խոշոր մրցաշարերում կդառնա հայ շախմատիստների լավագույն ավանդույթների շարունակողը և է՛լ ավելի կամրապնդի Հայաստանի դիրքերը համաշխարհային շախմատի ասպարեզում:

Հակիրճ ներկայացնում ենք Սիրանուշի «շախմատային կենսագրությունը»  2006-2013 թթ.:

Բազմիցս հանդես է եկել 8, 10, 12, 14 տարեկան աղջիկների Հայաստանի առաջնություններում՝ գրավելով մրցանակային տեղեր:

Մասնակցել է Եվրոպայի առաջնություններին` Մոնտենեգրոյում, Հերցեգովինայում և այլուր: 

Փոթիում մասնակցել է Նանա Ալեքսանդրիայի  անվան  մրցաշարին:

Իտալիայում և Անթալիայում խաղացել է 12 տարեկան  աղջիկների աշխարհի առաջնություններում:

Թբիլիսիում մասնակցել է Նոնա Գափրինդաշվիլու անվան և մի շարք այլ մրցաշարերի:

 Սիրելի՛ Սիրանուշ, քեզ մաղթում ենք շախմատային կանաչ ճանապարհ: Վստահ ենք՝ դեռ շատ կլսենք քո հաղթանակների մասին:

 

 

Սկզբնաղբյուր

Dog