Օգոստոսի 31 2017 Բաժինը՝ Լուրեր

Օգնություն զոհված հայորդիների ընտանիքներին


2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, Հայ Ավետարանչական ընկերակցությունը ՀՀ ՊՆ-ի հետ համագործակցաբար ստանձնեց Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու մարզերից և Երևանից 19 զոհված զինվորականների բնակելի տների նորոգման, որոշ դեպքերում՝ հիմնանորոգման աշխատանքներ: 
Փոխարինվել են տանիքներ, դռներ, պատուհաններ, սանհանգույցներ, կատարվել են սալիկապատման աշխատանքներ, տեղադրվել են ջեռուցման համակարգեր, օժանդակ կառույցների (գոմ, հավանոց) համար տրամադրվել է շինանյութ:

Վերոնշյալ ընտանիքները Հայ Ավետարանչական Ընկերակցությանը հասցեագրված նամակներում, երախտագիտություն են հայտնում կազմակերպությանը իրենց բնակարանները նորոգելու համար:

Ահա մեկ-երկու մեջբերում այդ նամակներից.

1. ՀԱՐԳԵԼԻ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ձեզ գրում է Մարինե Սարգսյանը, Աշտարակի շրջանի Պարտիզակ գյուղից: Ամուսինս Արամ Գրիգորյանը զոհվել է 2014թ օգոստոսի 4-ին Ղարաբաղում՝ մարտական դիրքերի հերթապահության ժամանակ, իմ ուսերին թողնելով երեք անչափահաս երեխաների խնամքը։ Ամուսնուս կիսատ մնացած նպատակներից մեկը տան վերանորոգումն էր… Այսօր ձեր աջակցությամբ ես և իմ երեխաները ապրում ենք բարեկարգ և ապահով պայմաններում: Այժմ տունն ամբողջությամբ վերանորոգված է և ունի հրաշալի տեսք… Անվերջ շնորհակալ ենք ձեզ իմ ուսերին մնացած այդ անիրագործելի նպատակն իրականություն դարձնելու համար ։
Թող Աստված միշտ պահապան լինի Ձեզ:

2. Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ԱՀԱԸ ղեկավարությանը և ամբողջ աշխատակազմին և բոլոր այն մարդկանց, ովքեր կանգնեցին մեր կողքին, կիսեցին մեր վիշտը, և իրենց աջակցությունը ցուցաբերեցին մեր որդու՝ Հայկ Մինասյանի նպատակները ի կատար ածելու գործում, հովանավորել եք բնակարանի վերանորոգման հարցում: Աստված օրհնի ձեզ:

Հայկ Մինասյանի ծնողներ՝ Սամվել և գայանե Մինասյաններ
Լոռու մարզ, Վանաձոր

3. Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ձեր ընկերակցությանը, որի նյութական օգնության շնորհիվ վերանորոգվել է մեր բնակարանի տանիքը, տեղադրվել են լուսամուտներ, անցկացվել է ջեռուցման համակարգ: Թող Աստված զորավիգ լինի ձեզ՝ մարդասիրական հետագա ծրագրերի իրականացնելու համար

Տավուշի մարզ, Դիլիջան, Հովհաննես Հակոբյան

Dog